
Վերջին օրերին և հատկապես վերջին ժամերին մամուլում անընդհատ ականատես ենք լինում պարանոիկ հոգեխանգարումների և ջղաձգումների` կապված Գագիկ Ծառուկյանի որոշման և ԲՀԿ-ի պաշտոնական դիրքորոշման հետ: Այժմ արդեն կարող եմ փաստել, որ պրովոկացիաների ու տարատեսակ բարբաջանքները իրականության քողի տակ ներկայացնելու` որոշ լրատվամիջոցների աննկուն ձգտումներն իրենց արդյունքը չտվեցին: Մենք, ի հեճուկս նման ճղճիմ հայտարարությունների ու վերլուծությունների հեղինակների, քաջ գիտակցում ենք, որ մեր երկրում նոր ցնցումներն ու ներկայումս առկա համեմատական անդորրի խաթարումը գուցե կործանարար լինեին մեր ժողովրդի և նույնիսկ պետականության համար: Մենք չենք մոռանում, որ գտնվում ենք մասնակի շրջափակման մեջ, չենք մոռանում, որ ԼՂՀ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու համար նախ և առաջ պետք է խաղաղություն տիրի երկրի սահմաններից այսկողմ, չենք մոռանում, որ գուցե այդքան մոտ թվացող հաղթանակը շատերի համար բարենպաստ և արդյունավետ կլիներ, բայց առանց այն էլ ՀՀ ներքաղաքական իրավիճակը բավական լարված է, իսկ մենք երբեք չենք ձգտել ժողովրդին պառակտել և իրար դեմ դուրս բերել, մենք ազգային շահը գերադասում ենք սեփականից, և, ինչպես Գագիկ Ծառուկյանն է բազմիցս նշել, մենք պաշտոնների չենք ձգտում: