
«Մատաղիսի արդարատությամբ կանխենք հետագա անօրինական դատապարտությունները», «Մենք վճռենք եվրոպական դատարանի փոխարեն», «Գտեք իրական մեղավորներին»…նման պաստառներով և կոչերով այսօր նախագահական նստավայրի դիմաց էին հավաքվել «Մատաղիսի գործով» ընթացող դատաքննությունից բողոքողները: Բողոքի ակցիային մասնակցում էին «Բանակն իրականում» նախաձեռնության անդամները, գործով մեղադրվող Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի ու Արայիկ Զալյանի հարազատները, ինչպես նաև սպանված երկու զինվորների իրավահաջորդները, ում ևս գործի ընթացքը կասկածելի է թվում: Ակցիային մասնակցում էր նաև «Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանը: Նրա խոսքով՝ Մատաղիսի գործով փորձում են հերթական անգամ տպավորություն ստեղծել, թե գործը բացահայտվել է և մեղավորները պատժվել են, բայց իրականում այն ոչ միայն չի բացահայտվել, և իրական մեղավորները չեն պատժվել, այլև փորձ է կատարվում խոսափելու փոխհատուցել անօրինական կալանքի տակ այսքան տարի պահելու համար:
Ակցիայի մասնակիցները նամակ են հանձնել նախագահի նամակների բաժին: Քաղաքացիները նամակով պահանջել են, որպեսզի երկրի ղեկավարն իր տեսակետը հայտնի Մատաղիսի գործի մասին: