
Ձեր դեմ կատարված ոճրագործությունն օբյեկտիվորեն Ձեզ է վերապահել նաև մեր երկրում ազատ և արդար ընտրությունների իրավունքը հաստատելու առաքելությունը: Բնական է, որ քանի դեռ Ձեր դեմ կատարված հանցագործությունը բացահայտված չի, պահպանվելու է վտանգը Ձեր, ՀՀ նախագահի մյուս թեկնածուների և ողջ ժողովրդի համար: Դա նշանակում է, որ անհաղթահարելի խոչընդոտներն ակնհայտորեն չեն կարող վերացվել անգամ երկու շաբաթվա ընթացքում, քանի որ ընտրական գործընթացին շարունակում է մասնակցել այս վիճակի ընդհանուր պատասխանատու՝ ժողովրդի կամքը ճնշող կուսակցության թեկնածուն: